Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հետ

Armenpress 15:47, 22 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպության Ժնևյան գրասենյակում hուլիսի 22-ին ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի (Michelle Bachelet) հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցներն անդրադարձան վերջերս Ժնևում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի միջև կայացած հանդիպմանը, քննարկեցին հանդիպման ընթացքում արծարծված հարցերի իրագործման ընթացքը։

Դեսպան Հովհաննիսյանը բարձր գնահատեց ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԻԳՀԳ) հետ համագործակցությունը և Միշել Բաչելետին ներկայացրեց վերջին շրջանում Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը։

Անդրանիկ Հովհաննիսյանն ու Միշել Բաչելետը մտքեր փոխանակեցին Հայաստանի և ՄԻԳՀԳ փոխգործակցության օրակարգային հարցերի շուրջ։ Գերագույն հանձնակատար Բաչելետը կարևորեց Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի աշխատանքներին՝ առանձնահատուկ նշելով ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային օրակարգի շրջանակներում Հայաստանի կողմից կյանքի կոչված նախաձեռնությունները։

Հանդիպման ավարտին դեսպան Հովհաննիսյանը Միշել Բաչելետին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և Հայաստանի ջանքերը խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման ուղղությամբ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am