«Իմ քայլը» խմբակցությունը Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ վերջնական քննարկում չի անցկացրել

Armenpress 15:55, 20 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ վերջնական քննարկում չի անցկացրել: Սակայն խմբակցության առանձին պատգամավորներ ուսումնասիրում են կոնվենցիան, հատկապես խնդրահարույց կետերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:

«Խմբակցությունում վերջնական քննարկում չենք ունեցել, ուսումնասիրման փուլում է: Մենք հիմա ուսումնասիրում ենք այն կետերը, որոնք որոշ անձինք համարում ենք հակասահմանադրական կամ վտանգավոր: Խնդրահարույց կետերն ուսումնասիրում ենք, որպեսզի վերջում քննարկենք ու հասկանանք, թե ինչ ենք ուզում»,-ասաց Բադալյանը։

Նա շեշտեց՝ կոնվենցիայի վերաբերյալ հնչող բոլոր մտահոգությունները պետք է քննարկվեն: Սակայն պատգամավորը նկատեց նաև, որ կոնվենցիան այնքան սարսափելի բան չէ, ինչքան քննարկվում է:

Պատգամավորի կարծիքով՝ չպետք է հետևեն որևէ երկրի օրինակի: «Չնայած, որ պետք է աշխարհին համընթաց քայլենք, սակայն ունենք մեր ուրույն ճանապարհը:  Մենք պետք է ինքնուրույն նայենք,տեսնենք, թե Ստամբուլյան կոնվենցիայում ինչ կետեր կան:  Կան կետեր, որոնք իսկապես շատ լավն են, կան կետեր, որոնք խնդրահարույց են: Հիմա մենք պետք է ծանր ու թեթև անենք ու հասկանանք, թե ինչ ենք ուզում»,-ասաց նա ու հավելեց՝ պետք է հասկանան՝ կոնվենցիան երկրի առաջընթացի, հասարակության կայացման հարցում կօգնի, թե կխանգարի:

Պատգամավորը նշեց՝ չի լինի այնպես, որ կոնվենցիան վավերացնելու համար ինչ-որ բան զիջեն, հետքայլ անեն:

Վերջին օրերին սոցիալական ցանցերում, տարբեր հարթակներում ակտիվորեն քննարկվում է Ստամբուլյան կոնվենցիան հնարավոր շրջանառության մեջ դնելու և ընդունելու հարցը: Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել էր, Ստամբուլյան կոնվենցիան շրջանառության մեջ դրված չէ, այն կառավարությունում պաշտոնապես քննարկման դրված չէ: Խմբակցությունը նախատեսում է շատ խորքային և մանրամասն քննարկում ծավալել խմբակցության ներսում, որից հետո փաստաթղթի առանձին դրույթների վերաբերյալ կունենա ձևավորված դիրքորոշում, կհայտնի իր տեսակետը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am