Պյոտր Սվիտալսկին արժանացավ «Աշոցք  համայնքի մեծ բարեկամ» կոչմանը

Armenpress 22:00, 19 Հուլիս, 2019

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ :  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին արժանացավ «Աշոցք  համայնքի մեծ բարեկամ» կոչմանը:  Այս որոշումը համայնքի  ավագանին կայացրել է՝ հաշվի առնելով Հայաստանում պաշտոնավարման ընթացքում Աշոցք համայնքի  զբոսաշրջության  և   դահուկավազքի  զարգացմանն ուղղված  ծրագրերն ու  կատարված մեծ աշխատանքը: Կոչումը հաստատող փաստաթուղթը  Պյոտր Սվիտալսկուն հանձնեց համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը՝  հուլիսի  19-ին դեսպանի Շիրակի մարզ այցի  ժամանակ:

Լրագրողների հետ ունեցած  ճեպազրույցի ժամանակ  Պյոտր Սվիտալսկին,  անդրադառնալով իր պաշտոնավարման ավարտին և  ԵՄ կողմից իրականացվելիք  ծրագրերին, հույս հայտնեց, որ  մեկնարկած  լավագույն ծրագրերը՝  հատկապես Հայաստանի հյուսիսային մարզերի զարգացմանն ուղղված, շարունակականություն կունենան: «Ես վստահ եմ, որ ինձ  հաջորդող դեսպանն անպայման կշարունակի իմ սկսած քաղաքականությունը, այն է՝ հատկապես աղքատ տարածաշրջանների  զարգացումը: Ավելի քան  վստահ եմ, որ իմ գնալուց հետո  այդ ծրագրերը հաջողությամբ ավարտին կհասցվեն, ինչպես նաև կսկսվեն նոր ծրագրեր՝ ի նպաստ այս շրջանների զարգացման: Հայաստանի հյուսիսային 3 մարզերում Գերմանիայի և Ավստրիայի մեր  գործընկերների շնորհիվ նոր ջանքեր են ներդրվելու բավական մեծ ֆինանսական ներդրմամբ՝ մոտ 35 մլն եվրո՝ գյուղատնտեսության և տուրիզմի զարգացման համար՝ ծառայելով այս մարզերի բնակչությանը»,- նշեց Պյոտր Սվիտալսկին:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am