Մեծ գիտնական, հրաշալի բանաստեղծ. Երևանում բացվեց Հրաչյա Թամրազյանի հուշատախտակը

Armenpress 20:19, 19 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Բանաստեղծ, հայագետ, Մաշտոց անվան Մատենադարանի նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանի հիշատակը հավերժացվեց Տերյան 57 հասցեում նրա հուշատախտակի տեղադրմամբ, որի բացման հանդիսավոր  արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 19-ին:

«Հուշաքարը տեսնելով` անցորդները մեծ սիրով են հիշելու Թամրազյանին, իսկ եթե չեն ճանաչում նրան, առիթ կունենան ծանոթանալ նրա բանաստեղծական ժողովածուներին, հետազոտություններին ու, բնականաբար, կիմանան, որ այս տանն ապրել է հետաքրքիր, ինքնատիպ, տաղանդավոր մարդ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը:

Նրա խոսքով` Թամրազյանը կարճ, բայց լիարժեք կյանքով ապրեց: «Նա նորանկախ Հանրապետության հիմնադիրների սերնդից էր, լուրջ մասնակցություն է ունեցել մեր պետականության կառուցման գործում: Թամրազյանը մեծ դերակատարություն  ուներ նաև գրահրատարակչական ոլորտի զարգացման մեջ: Նրա գրչակից բարեկամները լավ գիտեն, որ արդի հայ պոեզիան անհնար է պատկերացնել առանց Թամրազյանի: Եթե որևէ ժողովածու կամ անթոլոգիա է լույս տեսնում,  դրանում ներառվում են նաև Թամրազյանի ստեղծագործությունները»,-ասաց Տեր-Ղևոնդյանն ու նշեց, որ հայագետը խոր հետք է թողել նաև  հայ միջնադարյան գրականության ուսումնասիրության ասպարեզում:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ ընդգծեց, որ  ընկերական հարաբերություններ է ունեցել Թամրազյանի հետ, աշխատել հետը: «Նրա կյանքն անցել է ակնթարթորեն, թեթև: Նա չի ձգտել լինել բանաստեղծ, բայց հրաշալի է գրել:  Հրաչի առաջին գիրքը  հենց քաղաքի պատկերներն էին, նրա պատկերացումները քաղաքի մասին, ասես՝ նրա հոգին էր քաղաքում: Տերյան փողոցը նրա մանկության, պատանեկության հուշերում մշտապես եղել է և արտահայտվել Թամրազյանի գործերում»,- շեշտեց միության նախագահը:

Միլիտոնյանը հավելեց, որ  հրաշալի էին նրա թարգմանությունները, գիտական ուսումնասիրությունները:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Հրաչյա Թամրազյանը բազմաթիվ մենագրությունների և գիտական հոդվածների, ուսումնասիրությունների հեղինակ է։ Նրա ուսումնասիրությունները հիմնականում առնչվում են միջնադարագիտության, մասնավորապես, նարեկացիագիտության բնագավառին։ Իր աշխատություններում Թամրազյանը Գրիգոր Նարեկացու մատենագրությունը դիտարկում է Նարեկյան դպրոցի գրական-փիլիսոփայական համատեքստում՝ որպես դպրոցի սկզբնավորման և զարգացման ընթացքի բարձրագույն արդյունք, նաև իր մեծ նախորդների՝ Խոսրով Անձևացու և Անանիա Նարեկացու հետ ունեցած փոխառնչությունների տեսանկյունից։ Հրաչյա Թամրազյանը նաև ճանաչված բանաստեղծ է, թարգմանիչ։ Նրա բազմաթիվ բանաստեղծական և թարգմանական ժողովածուները ջերմ ընդունելության են արժանացել ընթերցողների և գրականագետների շրջանում։ Նրա թարգմանությամբ առանձին ժողովածուներով լույս են տեսել Սերգեյ Եսենինի, Վլադիմիր Մայակովսկու, Բորիս Պաստեռնակի ստեղծագործությունները, «20-րդ դարասկզբի ռուսական բանաստեղծությունը» ժողովածուն։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am