Մարտունու բժշկական կենտրոնը կունենա  արդի չափանիշներին համապատասխան նոր շենք

Armenpress 21:47, 18 Հուլիս, 2019

ԳԱՎԱՌ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնի դահլիճում հանրային քննարկման ներկայացվեց նոր բժշկական կենտրոնի շենքի կառուցման նախագիծը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանրային քննարկման  էին հրավիրված Մարտունու քաղաքապետարանի, բժշկական կենտրոնի, հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ: Հանրային քննարկմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Անուշավան Ղազարյանը, Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Վարդանյանը,  ՀՀ ԿԱ առողջապահական եւ աշխատանքի տեսչության  արեւմտյան տարածաշրջանի պետի պաշտոնակատար Անուշ Պողոսյանը, ՀՀ ԱՆ առողջապահական ծրագրերի իրականացման  գրասենյակի տնօրեն Քրիստինե Սարգսյանը, Մարտունու բժշկական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նորակառույց  բժշկական կենտրոնի շենքի նախագիծը քննարկման մասնակիցների ուշադրությանը  ներկայացրին ՀՀ ԱՆ առողջապահական  ծրագրերի իրականացման գրասենյակի հիվանդանոցային բաղադրիչի մասնագետ Սյուզան Ամրիկյանը եւ նախագծի գլխավոր ճարտարապետ Ռուզաննա Մամյանը: Ըստ բանախոսների՝ Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը լինելու է միահարկ՝ ընդգրկելով 4280 քառակուսի մետր օգտագործելի մակերես: Բժշկական նորակառույց ու արդի բուժսարքավորումներով հագեցած կենտրոնն ունենալու է 55 մահճակալ՝ չհաշված հեմոդիալիզ իրականացնող ծառայության մահճակալները: Կառուցվելու է 1 ընդհանուր մասնաշենք՝ վեց բաժիններով: Նորակառույց ԲԿ-ում գործելու են ընդունարան, շտապ օգնության կայան,  արյան փոխներարկման կենտրոն, վիրահատական երկու բլոկ,   հեմոդիալիզի, ինտենսիվ թերապիայի, պոլիկլինիկայի, թերապեւտիկ, ինֆեկցիոն, վիրաբուժական բաժանմունքներ:Հաշմանդամություն ունեցող անձանց համար բոլոր բաժանմունքների մուտքերն ապահովվելու են թեքահարթակներով: Մուտքը լինելու է Գետափնյա փողոցից: Նախատեսված է նաեւ ուղղաթիռի վայրէջքի հրապարակ:

Քննարկման ընթացքում շահագրգիռ կառույցների եւ անհատ քաղաքացիների կողմից եղան մի շարք առաջարկներ: Շինարարական պայմանագրերն ակնկալվում է կնքել 2019 թվականի նոյեմբերին:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am