Պետությունը Ռուսաստանից, Վրաստանից, Չինաստանից զբոսաշրջիկներ ներգրավելու քայլեր կձեռնարկի

Armenpress 19:21, 18 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը Հայաստանի բոլոր շրջաններում միասնական նվազագույն պահանջներին համապատասխանող ճանապարհային կայաններ ունենալու նպատակով կմշակի տիպային նախագիծ: Զբոսաշրջության զարգացման նպատակով ոլորտին հատկացված լրացուցիչ միջոցների մի մասը կուղղվի Ռուսաստանից, Չինաստանից և Վրաստանից զբոսաշրջիկների ներգրավմանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Այսօր կառավարությունը որոշեց տուրիզմի զարգացման նպատակներին հատկացնել լրացուցիչ 105 մլն դրամ, որը գրեթե կրկնապատկեց այն միջոցները, որոնք նախատեսված էին տարեկան բյուջեով զբոսաշրջության ուղղության մարքեթինգային աշխատանքները կատարելու համար: Գումարը բաղկացած է երկու մասից, դրանցից 90 միլիոնը կուղղվի այն միջոցառումներին, որոնք ուղղված են լինելու թիրախային շուկաներին և իրենցից ներկայացնելու են տեղեկատվական բովանդակության նյութեր։ Դրանք ուղղված են պոտենցիալ զբոսաշրջիկներին, որոնց հետաքրքրության շրջանակում պետք է հայտնվի Հայաստանը: Իսկ 15 մլն դրամի միջոցառումներն ուղղված են Հայաստանում տուրիզմի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ աշխատանքներին»,-ասաց Խաչատրյանը:

Նախատեսվում է 90 մլն դրամով Ռուսաստանի, Չինաստանի և Վրաստանի զբոսաշրջային ոլորտի համար իրականացնել որոշակի տեղեկատվական միջոցառումներ: Նախարարը հիմնավորեց նաև, թե ինչու են ընտրվել հենց այդ երկրները: 2018-ին Ռուսաստանից Հայաստան այցելած զբոսաշրջիկները կազմել են ընդհանուր զբոսաշրջիկների թվի շուրջ 42 տոկոսը, և այս տարվա առաջին կիսամյակում այդ թիվն աճել է 12 տոկոսով: Հայաստանը Չինաստանի հետ կնքել է առանց վիզաներ փոխադարձ այցերի պայմանավորվածության համաձայնագիրը, որը շուտով կվավերացվի երկու երկրների ազգային ժողովների կողմից և ուժի մեջ կմտնի:

Նախարարը շեշտեց՝ շատ են կարևորում Վրաստանի հետ տարածաշրջանային տուրիզմի զարգացումը։ Նա հիշեց վերջերս Դիլիջանում տեղի ունեցած հայ-վրացական բիզնես ֆորումը, որի նպատակն էր քննարկել բոլոր հետաքրքրություն ներկայացնող հարցերը, այդ՝ թվում զբոսաշրջությունը: «Տարեցտարի ավելանում են այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր այցելում են Վրաստան, հետո՝ Հայաստան, կամ այցելում են  Հայաստան, հետո՝ Վրաստան: Մենք Վրաստանի գործընկերների հետ պայմանավորվածություն ունենք, որ երբ զբոսաշրջիկն առաջին անգամ այցելում է Վրաստան,  պետք է ասենք, որ երկրորդ շահեկան ուղղություն կարող է լինել Հայաստանը, և նույնը Հայաստանը պետք է անի»,- ասաց Խաչատրյանը:

Երկու նախագծերը, որոնք պետք է կազմվեն լրացուցիչ հատկացումների շնորհիվ, ուղղված են  ճանապարհային կայանների համար տիպային նախագիծ մշակելուն: Նախարարը շեշտեց՝ շատ են կարևորում, որ Հայաստանի բոլոր շրջաններում լինեն միասնական նվազագույն պահանջներին համապատասխանող ճանապարհային կայաններ: «Դրանք էապես բարձրացնում են զբոսաշրջիկի տեղաշարժման հարմարավետությունը:

Նաև, զբոսաշրջային նշանակության վայրի մոտ գտնվող ընդհանուր օգտագործման տարածքները, ավտոկանգառը, առևտրի համար հարմարեցված կետերը նույնպես պետք է լինեն միասնական հարմարավետության նվազագույն պահանջներին բավարարող»,-պարզաբանեց նախարարը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am