Դեսպան Տիգրան Մկրտչյանը ծանոթացել է Դրուսկինինկայի զբոսաշրջային հնարավորություններին

Armenpress 17:20, 18 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հուլիսի 17-ին այցելեց Դրուսկինինկայի առողջարանային քաղաք, որտեղ հանդիպեց քաղաքապետ Ռիչարդաս Մալինաուսկասի (Ričardas Malinauskas) հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից,հանդիպման սկզբում քաղաքապետ Մալինաուսկասը դեսպան Մկրտչյանին ներկայացրեց Դրուսկինինկայի զբոսաշրջային հնարավորություններն ու ենթակառուցվածքները, քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները։

Դեսպան Մկրտչյանը նշեց, որ ՀՀ դեսպանությունը մեծապես կարևորում է Հայաստանի և Լիտվայի միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացումը և հույս հայտնեց, որ առաջիկայում այդ համագործակցությունը կներառի նաև Դրուսկինինկայը և Հայաստանի քաղաքներից որևէ մեկը: Դեսպանը ներկայացրեց նաև Հայաստանի առողջարանային քաղաքների ընդհանուր նկարագրությունն ու առանձնահատկությունները։

Կողմերն անդրադարձ կատարեցին նաև փոխադարձ այցելությունների կազմակերպմանը, երկու երկրների միջև առողջարանային զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորություններին, առաջիկայում համատեղ միջոցառումների անցկացմանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am