Թուրքիան արձագանքել է ԱՄՆ-ի կողմից Ֆ-35-երի գնման գործընթացի կասեցմանը

Armenpress 15:28, 18 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրում Պենտագոնի կողմից Թուրքիայի մասնակցության կասեցմանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Պենտագոնի այս քայլը ոչ մի օրինական հիմնավորում չունի, և դա կարող է բացասաբար անդրադառնալ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:

Նախարարության հայտարարության մեջ նշված է. «Այս միակողմանի քայլը չի համապատասխանում երկկողմանի դաշնակցային հոգուն: ԱՄՆ-ը միայն խոսքով չպետք է ցույց տա, որ կարևորում է Թուրքիայի հետ հարաբերություններն ու դաշնակցությունը, այլ նաև՝ գործով: Հատկապես ԻՊ-ի, ՔԱԿ-ի (PKK), գյուլենականների դեմ պայքարի մեջ է անհրաժեշտ դա ապացուցել»:

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը (Պենտագոնը) հուլիսի 17-ին հայտարարել է, որ Թուրքիան հեռացվելու է ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից: Պատճառը Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնումն էր, ինչին ԱՄՆ-ն ի սկզբանե դեմ էր: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am