Հաշմանդամության կարգ տվող ԲՍՓ հանձնաժողովներին կփոխարինի մասնագետների ռեեստրը

Armenpress 15:25, 18 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդհանուր ծառայություններից անցում կատարել կոնկրետ անձի կարողությունների գնահատման. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բարեփոխումներ է իրականացնում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի և հավասար հնարավորությունների ապահովման բաժնի պետ Աննա Հակոբյանը նշեց, որ քննարկման է ներկայացվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

«Նախագծով ներդրվող նոր մոդելի հիմքում ընկած է լինելու ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձի առողջական խնդիրների գնահատումը, այլև կարողությունն ու կատարողականությունը: Նոր ծառայություններով ու բարեփոխումներով հեշտացվելու է դիմելիության ընդհանուր գործընթացը: Մասնավորապես, հաշմանդամություն ունեցող անձին տրամադրվելու են ծառայություններ մեկ պատուհանի սկզբունքով»,- ասաց Աննա Հակոբյանը: Դա նշանակում է, որ անձը ստիպված չի լինելու ծառայություն ստանալու համար այս գերատեսչությունից շտապել այն գերատեսչություն: Հաջորդ քայլը. աշխատանքներ են տարվում ամբողջ գործընթացը էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացնելու ուղղությամբ: Այսինքն՝ փաստաթղթերը ոչ թե քաղաքացին պարտավոր կլինի ներկայացնել, այլ էլեկտրոնային համակարգի միջոցով այդ փաստաթղթերը գերատեսչությունները միմյանց միջև կփոխանակեն:

«Մենք պետք է հնարավորինս ակտիվացնենք համայնքներին: Առանց համայնքների ներգրավման որևէ սկսած աշխատանք զարգացնել չի լինի: Հաջորդ կարևոր հանգամանքը, որը օբյեկտիվ գնահատման հիմք կդառնա, այն է, որ հաշմանդամության կարգ տալու համար այսօրվա մշտապես գործող բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովների փոխարեն կձևավորվի մասնագետների ռեեստր: Այստեղ ընդգրկված կլինեն ոչ միայն բժիշկները, այլև վերականգնողաբանները, ֆիզիեոթերապիստները և այլ մասնագետներ»,-ասաց Աննա Հակոբյանը: Հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների գնահատման հանձնաժողովը կձևավորվի պատահականության սկզբունքով ռեեստրից ընտրվող մասնագետներով: Դա իր հերթին կնվազեցնի կոռուպցիան:

Մեկ այլ բարեփոխման մասին: Հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց անհրաժեշտ պարագաների տրամադրումն արդեն իրականացվում է հավաստագրով: Այսինքն՝ անձը հավաստագիրը ստանում է և դրա հիման վրա մի շարք կազմակերպություններից ընտրում իրեն հարմարը: Այստեղ ճկուն մեխանիզմ է ներդրվել: Եթե հավաստագրի գումարով նախատեսված պարագան անձը չի ցանկանում, այլ ուզում է ձեռք բերել ավելի թանկ արժեքովը, ապա կարող է հավաստագրով նախատեսված գումարին ավելացնել և ձեռք բերել իր ցանկացածը:

«Եթե նախկինում այդ պարագաներն ապահովում էր մեկ կազմակերպություն, ապա այսօր դրանք մի քանիսն են: Դա նշանակում է կա մրցակցություն, ինչն էլ կհանգեցնի ծառայությունների որակի բարձրացմանը»,-ասաց Արթուր Կեսոյանը:

Նախարարության ներկայացուցիչները նշեցին, որ ընթացիկ տարվա հունիսի 30-ի դրությամբ հաշմանդամություն ունեցող անձանց թիվը կազմում է 189 հազար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3000-ով ավելացել է: Ներկայում ուսումնասիրվում են հաշմանդամություն ունեցող անձանց թվի ավելացման պատճառները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am