Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին

Armenpress 13:25, 18 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 18-ին հյուրընկալել է մասնավոր այցով Հայաստանում գտնվող՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը ողջունել է տիկին Բերեջիկլյանի այցը հայրենիք և բարձր գնահատել նրա գործունեությունը հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախի ինքնորոշման իրավունքի: Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը դեռ 1997 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև է ընդունել: Գլեդիս Բերեջիկլյանն ասել է, որ լինելով Հայոց ցեղասպանությունը վերապրածի թոռնուհի և այցելելով Հայաստան՝ հպարտ է իր հայկական ծագմամբ ու արմատներով: Նա հույս է հայտնել, որ յուրաքանչյուր հաջորդ այցին Հայաստանը կտեսնի ավելի զարգացած: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ավստրալիայի ամենամեծ նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի միջև համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ, խոսել նաև ավստրալահայ համայնքի և նրա ունեցած դերի մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am