Հայաստանը մասնակցում է Վաշինգտոնի Կրոնական ազատություններին նվիրված համաժողովին

Armenpress 12:30, 18 Հուլիս, 2019

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնը հյուրընկալում է շուրջ հարյուր երկրների արտգործնախարարների, ովքեր կրոնական հետապնդումներ և հարձակումներ վերապրածների հետ միասին մասնակցում են ԱՄՆ մայրաքաղաքում Կրոնական ազատություններին նվիրված համաժողովին: Մասնակիցների թվում է նաև Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ամերիկայի Ձայն»-ը, Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդես կգա ելույթով համաժողովին: Հուլիսիս 17-ին Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ, որտեղ քննարկվել են ԱՄՆ ու Հայաստանի միջև հարաբերությունները, ինչպես նաև կրոնական փոքրամասնությունների՝ մասնավորապես Մերձավոր Արևելքի քրիստոնյաների պաշտպանության հետ կապված հարցեր:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և կրոնական ազատությունների հարցերով ԱՄՆ դեսպան Սեմ Բրաունբեքը ընդգծել են, որ Վաշինգտոնի կրոնական ազատությունների վերաբերյալ համաժողովի հիմնական նպատակն է համախմբել տարբեր դավանանքի գործիչների ընդդեմ կրոնական հետապնդումների և հարձակումների:

«Աշխարհում բոլոր մարդիկ պետք է ազատ դավանեն իրենց նախընտրած հավատքը՝ իրենց տանը, սրբատեղիներում, հանրային վայրերում»,- նշել է ԱՄՆ արտգործնախարարը։

Կրոնական հետապնդումներ և հարձակումներ վերապրածները հանդես եկան վկայություններով: Նրանց թվում է եզդի իրավապաշտպան Նադյա Մուրադը, ով Դաեշ ծայրահեղական խմբավորման գերի է եղել հյուսիսային Իրաքում:

«Պատմությունն ու հետազոտությունները մեզ սովորեցնում են, որ ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում ցեղասպան գործողություններ»,- հայտարարել է Մուրադը:

Շրի Լանկայում սուրբ զատիկի տոների օրերին քրիստոնեական եկեղեցու վրա հարձակում վերապրած Յամինի Ռավիդրան նշում է, որ հարձակումից հետո իրենց քրիստոնյա համայնքը ապրում է վախի մթնոլորտում: Մեկ այլ վերապրած Ֆարիդ Ահմեդը, ում կինը զոհվել է Նոր Զելանդիայում մզկիթի վրա հարձակման արդյունքում նշեց է , որ իր կրոնը իրեն սովորեցրել է ներել մարդասպաններին:

Կրոնական հողի վրա հարձակումներ վերապրածները ընդգծում են՝ ողբերգությունը միավորել է իրենց ընդդեմ ատելության ու անհանդուրժողականության: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am