«Հայաստանի Հանրապետություն». ԵՄ-ն Թուրքիայի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրում

Armenpress 09:31, 18 Հուլիս, 2019

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից պատժամիջոցներ կիրառելու մասին որոշմանը Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արդեն արձագանքել է՝ հայտարարելով, որ վճռականորեն շարունակելու է Միջերկրական ծովի արեւելյան հատվածում հորատման աշխատանքները, եւ որ այդ որոշումները չեն կարող որեւէ ազդեցություն ունենալ իր վրա։ Թուրքիայի տնտեսության թուլացումը երկրի իշխանությանը ստիպում է ձեռնարկել որոշակի քայլեր տնտեսական դրությունը բարելավելու նպատակով։ Կիպրոսի այդ հատվածը կարեւոր է նրանով, որ այդտեղ մեծ քանակությամբ գազ կա։ Փաստորեն Թուրքիայի գործողություններն առնչվում է ԵՄ-ի էներգետիկ անվտանգությանը։ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, տարիների ընթացքում ԵՄ-ն բանակցել է մի պետության հետ, որը բռնազավթել է ԵՄ անդամ երկրի զգալի տարածքը, այնտեղ պահում է 40 հազարանոց բանակ եւ միաժամանակ բանակցություններ է վարել ԵՄ անդամ դառնալու համար։ «Հիմա կարծես ԵՄ-ն փորձում է վճռականություն ցուցաբերել եւ Թուրքիայի հետ ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել։ Սա պայմանավորված է նրանով, որ Թուրքիան անցնում է բոլոր խելամիտ սահմանները։ Բավական չէ, որ բռնազավթել է, հիմա էլ փորձում է տնտեսական օգուտներ քաղել այդ ամենից»,- ասել է Սաֆրաստյանը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am