Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատից Հայոց բանակ ճանապարհվեց նորակոչիկների հերթական խումբը

Armenpress 21:48, 17 Հուլիս, 2019

ԳԱՎԱՌ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մարզային զինկոմիսարիատից հուլիսի 17-ին հանդիսավորությամբ Հայոց բանակ ճանապարհվեց նորակոչիկների հերթական խումբը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ մարզային զինկոմիսարիատի մարդաշատ բակում նորակոչիկներին հրաժեշտ տալու էին եկել Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, մարզային զինկոմ Գեւորգ Մխեյանը, Մարտունու տարածաշրջանի համայնքների ղեկավարներ, Մարտունու քաղաքապետարանի, մարզային զինկոմիսարիատի, ՀՀ ոստիկանության Մարտունու բաժանմունքի աշխատակիցներ, նորակոչիկների հարազատները եւ ծնողները:

Ինչպես տեղեկացրին մարզային զինկոմիսարիատից, նորակոչիկները Հայոց բանակ են մեկնում Մարտունու տարածաշրջանի բոլոր 17 համայնքներից: «Զորակոչին ներկայացել են բոլորը՝ առանց մեկ բացակայության: Բարձր է թե՛ նորակոչիկների, թե՛ նրանց ծնողների ու հարազատների տրամադրությունը: Նրանք իրենց զավակներին բանակ են ճանապարհում երգ ու պարով, ոգեւորությամբ, միմյանց շնորհավորելով», -նշեց մարզային զինկոմ Գեւորգ Մխեյանը: Նորակոչիկներին շնորհավորեց ու անվտանգ ծառայություն մաղթեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը:

«Մեր համայնքից ծառայության են մեկնում մի քանի նորակոչիկ, որոնց թվում իմ եղբոր տղան է: Գյուղով մեկ ուրախացել ենք, հրաժեշտի քեֆեր կազմակերպել, մաղթանքներ հնչեցրել: Համոզված ենք, որ նրանք տուն կվերադառնան հայրենիքի հանդեպ իրենց պարտքը պատվով կատարած»,- նշեց Ձորագյուղ համայնքի ղեկավար Լեւիկ Գրիգորյանը:

Նորակոչիկ իր թոռանը բանակ ճանապարհելու էր եկել նաեւ Մադինա գյուղի բնակիչ, հայրենիքի սահմանների պաշտպանական մարտերում զոհված զինծառայող Տերենտ Միրիբյանի հայրը՝ Խաչիկ Միրիբյանը: «Մաղթում ենք, որ մեր բոլոր երիտասարդները ծառայեն խաղաղ պայմաններում, պատվով ու փառքով ծառայեն հայրենիքին, ու երկու տարի անց նրանց մենք դիմավորենք հպարտորեն, ավելի տոնական տրամադրությամբ: Ես այսօր հայոց բանակ եմ ճանապարհում իմ վերջին թոռանը»,-ասաց Խաչիկ Միրիբյանը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am