Փաշինյանը անդրադարձավ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը

Armenpress 20:36, 17 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումը եղել է այն, որ Հայաստանի  կառավարության հետ համագործակցությունը համարում են արդյունավետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ հարցազրույցում։  ՀՀ վարչապետը հավելեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կառուցակարգերի և օրենսդրական փոփոխությունների շուրջ պետք է խոսել:

«Կարող եմ ասել, որ քաղաքական մակարդակի շփումներում և՛ Եվրախորհուրդը, և՛ Եվրամիությունը լիարժեք աջակցություն է հայտնել Հայաստանի կառավարությանը դատաիրավական բարեփոխումների հարցում»,- ասաց ՀՀ վարչապետը:

Վենետիկի հանձնաժողովը հայտարարությամբ բեղմնավոր էր գնահատել Հայաստանի իշխանությունների հետ աշխատանքը և հավելել, որ դատական բարեփոխումների առնչությամբ կարծիք կներկայացնի, երբ պատրաստ կլինեն ՀՀ դատական օրենսգրքի փոփոխությունները:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այցելել է Ստրասբուրգ հուլիսի 1-2-ը, հանդիպումներ ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի, Եվրոպայի խորհրդի Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսի, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի և ԵԽ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Հանդիպումների ընթացքում նախարարը գործընկերներին ներկայացրել է նաև դատաիրավական ոլորտում Կառավարության մոտեցումները, կարճաժամկետ և երկարաժամկետ առաջնահերթությունները, լուծման հնարավոր ուղիները, որոնք հավանության են արժանացել բոլոր գործընկերների կողմից: Ավելին, գործընկերներին ներկայացվել է նաև, որ Արդարադատության նախարարությունը չի սահմանափակվելու միայն կարճաժամկետ փոփոխություններով. ներկայում մշակման փուլում են գտնվում առավել համապարփակ և երկարաժամկետ բարեփոխումներին միտված և տրամաբանական կապի մեջ գտնվող 2 կարևոր ռազմավարական փաստաթղթեր՝ միտված դատաիրավական համակարգի բարեփոխմանն ու կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարին: Քաղաքականության այս համապարփակ փաստաթղթերը առաջիկայում կամփոփվեն և կներկայացվեն ավելի լայն հանրային քննարկման:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am