ՄԻՊ-ը գործարկել է «Ազատազրկվածի իրավախորհրդատու» ավտոմատացված համակարգը

Armenpress 15:48, 17 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ «Facebook» սոցիալական ցանցի «Messenger» հավելվածում գործարկվել է «Ազատազրկվածի իրավախորհրդատու» ավտոմատացված  համակարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այն ազատությունից զրկված անձանց, նրանց մերձավորներին կամ ցանկացած այլ անձի կտրամադրի խորհրդատվություն հիմնական իրավունքների վերաբերյալ:

Հուլիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասաց, որ իրենց աշխատանքի կարևորագույն նշանակություն ունեցող ուղղություններից է իրավունքների մասին իրազեկումը, մարդկանց գիտելիքի մակարդակի բարձրացումը: «Իրավունքների խախտման պատճառ է հաճախ հանդիսանում ոչ թե օրենքի անկատարությունը, այլ այն, որ ազատությունից զրկված անձը, նրա ազգականը կամ հենց քրեակատարողական, ոստիկանության ծառայողը չեն տիրապետում իրենց իրավունքներին ու պարտականություններին»,-շեշտեց նա:

Թաթոյանն ընդգծեց, որ պրակտիկան ցույց է տվել` միայն տպագիր նյութերը, հարցազրույցները բավարար չեն իրազեկման համար: «Մենք մշակել ենք բոլորովին նոր համակարգ «Facebook» սոցիալական ցանցի «Messenger» հավելվածում, որում զետեղված է 300 հարց և պատասխան:

Համակարգը հնարավորություն է տալիս հեշտությամբ գտնել այն հարցի պատասխանը, որը վերաբերում է ազատությունից զրկված մարդու իրավունքներին»,-ներկայացրեց ՄԻՊ-ը:

Ծրագիրը ստեղծվել է Եվրոպական միության «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am