ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Միացյալ Թագավորության կառավարության փորձագետներին

Armenpress 20:37, 16 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 16-ին ընդունել է Հայաստանում գտնվող Միացյալ Թագավորության կառավարության հաղորդակցության ծառայության փորձագետների խմբին: Հանդիպմանը մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնոուրթը:

Փորձագետների խումբը Հայաստանում է գտնվում ՀՀ կառավարության համապատասխան մարմինների հետ ռազմավարական մակարդակում տեղեկատվության և հաղորդակցության ոլորտում ազգային կարողությունները ծրագրային ձևաչափով զարգացնելու հեռանկարները քննարկելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում, ծանոթանալով բրիտանական կողմի փորձին և կարևորելով նախաձեռնությունը, պաշտպանական գերատեսչության ղեկավարը պաշտպանական ոլորտին առնչվող հետագա միջոցառումների շուրջ բրիտանացի գործընկերների հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am