Լենա Նազարյանը հնարավոր է համարում ՀՀ-ում կանանց խնդիրների ինստիտուցիոնալ փոփոխությունները

Armenpress 14:59, 16 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության և Ազգային ժողովի անելիքը երկրի տարբեր անկյուններում ապրող մարդկանց խնդիրները խորապես ճանաչելն ու դրանց լուծում տալն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, հուլիսի 16-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի՝ կանանց հիմնախնդիրների վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:

«Կանանց խնդիրների թեման չափազանց կարևոր եմ համարում։ Բարդ, հաճախ շահարկվող, միաժամանակ չափազանց նրբանկատություն են պահանջում կանանց խնդիրները: Ցավոք, մեզանում շատերը, շատ հայ կանայք պատրաստ չեն առերեսվել իրական խնդիրներին: Շատ կարևոր է, որպեսզի մենք՝ որոշում կայացնելու պատասխանատուներս, ունկնդրենք խնդիրներ ունեցող անձանց՝ մասնավորապես, կանանց, ճանաչենք դրանք, լսենք առաջարկներն ու մշակենք հասցեական քաղաքականություն»,- նշեց Լենա Նազարյանը:

ԱԺ փոխխոսնակը վստահություն հայտնեց, որ քննարկումների շնորհիվ ու համատեղ  ջանքերով լուրջ արդյունքներ կգրանցվեն Հայաստանում կանանց խնդիրների ինստիտուցիոնալ փոփոխման ուղղությամբ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am