Ազգային գրադարանում ցուցադրվեցին Լևոն Շանթի երկերի ամենահին և ամենանոր հրատարակությունները
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրող, մանկավարժ, անվանի պետական և հասարակական գործիչ Լևոն Շանթի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ Հայաստանի ազգային գրադարանում ներկայացվեցին հեղինակի երկերի ժողովածուները, թարգմանությունները, նրան նվիրված աշխատությունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսը բացվեց հուլիսի 15-ին գրադարանի պետական կարգավիճակ ստանալու 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:
«Շանթը ծնվել է Թումանյանի հետ, ապրել Իսահակյանի չափ»,- նշեց գրականագետ, գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը՝ նկատելով, որ կենսագրական այս զուգահեռները պատահական համընկնումներ չեն. Շանթի կյանքն ու ստեղծագործությունը սերտ աղերսներ ունեն երկու հայ մեծերի հետ:
«Կարևոր ցուցադրություն է: Կարծում եմ՝ նմանատիպ նախաձեռնությունները շարունակական կլինեն Ազգային գրադարանում: Եթե անգամ մի մարդ ինչ-որ նոր բան քաղի ցուցադրություններից, կարող ենք դրանք ստացված համարել»,- ասաց Նիկողոսյանը՝ հավելելով, որ իր համար, օրինակ, բացահայտում էր, որ Շանթը թարգմանել է Վոյնիչի «Բոռը»:
Գրականագետը ՀՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կողմից գրադարանին նվիրվեց Լեւոն Շանթի երկերի ժողովածուի վերջին 5 հատորները և ընդգծեց, որ Հայաստանի ազգային գրադարանը գրքերի ամենահուսալի պահոցն է:
Միջոցառմանը ներկա էր նաև քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը: Նա անդրադարձավ Լևոն Շանթ քաղաքական գործչի գործունեությանը՝ նշելով, որ ցուցադրությունը լավ առիթ է Շանթի դերը ևս մեկ անգամ արժևորելու և նրա գրական ու քաղաքական գործունեությանը երիտասարդներին ծանոթացնելու համար: Միջոցառումն ուղեկցվեց Թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահի սյուներին և առաստաղին շարժապատկերների ցուցադրությամբ: Այնուհետև գրադարանի կինոսրահում ցուցադրվեց Լևոն Շանթի կյանքին ու գործունեությանը նվիրված ֆիլմ: