ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում և մարզերում․ հայտնաբերվել է  ոչ սթափ 77 վարորդ

Armenpress 17:36, 15 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները հուլիսի 8-ից 14-ը ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 153 տրանսպորտային միջոց։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դրանցից 21-ի վարորդները ալկոհոլի ազդեցության տակ են եղել, մեկ մեքենայի վրա, առանց համապատասխան թույլտվության, տեղադրված է եղել հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորում, մյուսների վարորդները կա՛մ չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, կա՛մ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է դիմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ շահագործված 18 մեքենա, որոնցից 9-ի վարորդները իրավախախտումը վերացրել են տեղում՝ պոկելով դիմապակու թաղանթը։

Հուլիսի 8-ից 14-ը մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները։ Նրանք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 92 տրանսպորտային միջոց։ 56 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 13-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 4-ը՝ առանց համարանիշերի։ Հայտնաբերվել է դիմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ շահագործված 89 տրանսպորտային միջոց, որոնցից 23-ի վարորդները տեղում պոկել են դիմապակու թաղանթը։

Ըստ աղբյուրի՝ ճանապարհային ոստիկանությունը շարունակում է  ուժեղացված ծառայությունը;



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am