Վարշավայում կայացել է Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում

Armenpress 22:14, 12 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարշավայում՝ Լեհաստանում ՀՀ դեսպանության և Լեհ-հայկական հիմնադրամի (Fundacja Polsko-Ormiańska) համակազմակերպմամբ հուլիսի 11-ին տեղի է ունեցել Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, լեհ ընթերցողներին առաջին անգամ ներկայացվել է թարգմանչուհի Կալինա Իզաբելլա Զիոլայի կողմից կատարված «Թմկաբերդի առումը» պոեմի լեհերեն թարգմանությունը։

«Դեսպան Սամվել Մկրտչյանը հակիրճ անդրադարձավ հայ մեծանուն բանաստեղծի ստեղծագործական և հասարակական գործունեությանը, նրա համամարդկային խոհափիլիսոփայությանը։ Նա մասնավորապես նշեց․ «Թումանյանի ստեղծագործական ոճը՝ ձևով պարզ, սակայն բովանդակությամբ և իմաստով խորը, մշտապես առինքնող է և՛ նախորդ, և՛ ներկա սերունդներին»։

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց փաստավավերագրական ֆիլմ՝ նվիրված Հովհաննես Թումանյանին։ Կալինա Իզաբելլա Զիոլայի կողմից մակագրված հրատարակության օրինակներ տրվեցին մասնակիցներին, ինչպես նաև դեսպանության կողմից տրամադրվեցին մի շարք գրադարանների։

Տեղեկանք․ Պոեմի թարգմանությունը նախաձեռնվել և հովանավորվել է Լեհաստանում ՀՀ դեսպանության կողմից։ Տպագրությունն իրականացրել է «Անտարես» հրատարակչությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am