Ռիզեում 300 տարեկան կամուրջ է փլուզվել

Armenpress 17:13, 11 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հյուսիսարևելյան Ռիզե նահանգի Ամբարլըք գյուղում 18-րդ դարում կառուցված կամարաձև կամուրջ է փլուզվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Hurriyet»-ը:

Ըստ տեղեկությունների՝ այս կամրջի վրա կարճ ժամանակ առաջ էին վերականգնողական աշխատանքներ իրականացրել: 40 մետր երկարություն, 3.20 մետր լայնություն և 10 մետր բարձրություն ունեցող կամարաձև կամուրջը այդ շրջանի կարևոր պատմամշակութային արժեքներից էր, որը օրական ընդունում էր բազմաթիվ զբոսաշրջիկների: Փլուզման պատճառները բացահայտելու գործով զբաղվում են համապատասխան մարմինները, իսկ տեղացիները ցանկանում են, որ կամրջի քարերը հավաքելով՝ նախկին տեսքին հնարավորինս մոտ նոր կամուրջ կառուցվի:

Հատկանշական է, որ Ռիզեում է գտնվում հայկական պատմական Համշենի շրջանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am