Հայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել Խաղաղօվկիանոսյան դաշինքում 

Armenpress 19:27, 10 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պերուի մայրաքաղաք Լիմայում հուլիսի 1-6-ը կայացել է Խաղաղօվկիանոսյան դաշինքի 14-րդ գագաթաժողովը, որի ընթացքում Հայաստանը ստացել է այդ կառույցում դիտորդի կարգավիճակ (Դաշինքում դիտորդի կարգավիճակ ունի 59 պետություն)։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից;   Խաղաղօվկիանոսյան դաշինքը հիմնադրվել է 2011 թվականի ապրիլի 28-ին Չիլիի, Կոլումբիայի, Մեքսիկայի և Պերուի կողմից, վերջինիս նախկին նախագահ Ալան Գարսիա Պերեսի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով տարածաշրջանում առավել զարգացնել պետությունների միջև համագործակցությունը:   Դաշինքի հիմնական նպատակներն են՝ համաձայնեցնել անդամ պետությունների միջև խորը ինտեգրման քայլերը, նպաստել տնտեսությունների հետագա աճին և մրցունակությանը` միտված բարեկեցությանը, սոցիալ-տնտեսական անհավասարության հաղթահարմանը, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային համագործակցությամբ ստեղծել աշխարհաքաղաքական մակարդակում այլ տարածաշրջանների, միջազգային կազմակերպությունների և առանձին պետությունների հետ քաղաքական երկխոսության, տնտեսության և առևտրի ինտեգրման նոր և արդյունավետ հարթակ, աջակցել միջմշակութային երկխոսությանը, մշակույթի և տուրիզմի զարգացմանը։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am