Հակամարտությունը ռազմական լուծում չունի. Տուսկն ու Փաշինյանը քննարկել են ԼՂ հարցը

Armenpress 14:10, 10 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Դոնալդ Տուսկը նշեց, որ ԵՄ-ը  քաջալերված է այս տարվա զարգացումների դինամիկայով և պատրաստակամ է շեշտադրումներ անել մարդասիրական խնդիրների վրա: Եվրոպական խորհրդի նախագահը նշեց, որ իրենք կիսում են Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունը շփման գծի երկայնքով վերջին զոհերի, ինչպես նաև էսկալացիոն հայտարարությունների հետ կապված:

«Կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն և միջոցներ ձեռնարկեն վերականգնելու այն միջավայրը, որը նպաստավոր կլինի խաղաղությանը, իրական բանակցություններին: Հակամարտությունը ռազմական լուծում չունի և այստեղ քաղաքական հանգուցալուծում է պետք, որը կհամապատասխանի միջազգային իրավունքին և սկզբունքներին: Եվրամիությունը շարունակում է  լիաթոք օժանդակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և արդար ու տևական հանգուցալուծում գտնելու շեշտադրությանը՝ ելնելով Հելսինկյան հիմնարար ակտի եզրափակիչ դրույթներից: Եվրամիությունը սատարում է խաղաղության կառուցման գործողություններին, պատրաստ է սատարել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստող միջոցներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Դոնալդ Տուսկը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am