ՊԵԿ-ը և «Էքսպերտիզ Ֆրանս» գործակալությունը խորհրդատվական ծառայության պայմանագիր են ստորագրել

Armenpress 10:29, 10 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի և «Էքսպերտիզ Ֆրանս» Ֆրանսիայի միջազգային փորձագիտության գործակալության միջև հուլիսի 9-ին խորհրդատվական ծառայության պայմանագիր է կնքվել` ՊԵԿ-ում «Աջակցություն Հայաստանի հարկային վարչարարությանը`  ստվերային տնտեսությունը կրճատելու և հարկային եկամուտների կայուն աճն ապահովելու գործում» տեխնիկական օժանդակության ծրագրի իրագործման նպատակով:

Ինչպես«Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը: Ծրագիրը կոչված է օժանդակելու հարկային ոլորտում ՀՀ ՊԵԿ-ի ռազմավարության ներդրմանը՝ շեշտը դնելով ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված միջոցառումների վրա: Ֆրանսիական կողմը ներգրավելու է ստվերային տնտեսության դեմ պայքարի առաջավոր փորձին տիրապետող միջազգային փորձագետների` ՊԵԿ-ի համար արդյունավետ առաջարկություններ մշակելու նպատակով:

Մեկուկես տարի տևողությամբ ծրագրի ավարտին ակնկալվում է ՊԵԿ-ում ներդնել ստվերային տնտեսության և տնտեսության ճյուղերի հարկային ներուժի գնահատման արդյունավետ գործիքներ, ուժեղացնել ՊԵԿ-ի կարողությունները՝ ներքին և արտաքին տեղեկատվության մոբիլիզացման և վերլուծության գործում, ինչպես նաև բարելավել ՊԵԿ-ի տրասֆերային գնագոյացման ստորաբաժանման գործունեությունը՝ համադրելի բազաների ստեղծման միջոցով: Բացի այդ նախատեսվում է կատարելագործել գործող հարկային ընթացակարգերը՝ համապատասխանեցնելով ՓՄՁ-ների յուրահատկություններին:

Ծրագիրն իրագործվում է ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև կնքված ֆինանսավորման պայմանագրի շրջանակում և մեկնարկելու է սեպտեմբերից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am