Հայ մամուլի համահայկական համաժողովը քննարկել է տեղեկատվական անվտանգության, փոխգործակցության հարցեր

Armenpress 18:52, 8 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Արցախի, Սփյուռքի տպագիր եւ էլեկտրոնային մամուլի շուրջ 100 ղեկավարներ, գլխավոր խմբագիրներ ու լրագրողներ մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կազմակերպած Հայ մամուլի համահայկական համաժողովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, ներկաները հանգամանորեն քննարկել են Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնական հարթության վրա ձևավորվող հայկական լրատվամիջոցների համագործակցության ուղիները, մամուլի առջև ծառացած մարտահրավերները, սոցիալական ցանցերում առկա միտումները, տեղեկատվական անվտանգության հարցեր:

Համաժողովը ընդգծել է այն, որ մամուլը միայն տեղեկություն փոխանցող միջոց չէ, այլ հստակորեն ունի դաստիարակչական առաքելություն: Ոլորտի մասնագետները նկատել են, որ տարբեր խնդիրներով պայմանավորված, այդ առաքելությանն ուղղված աշխատանքի ազդեցությունը թուլացել է:

Ներկաները կարևորել են բազմակարծության ու ազատ խոսքի իրավունքի դրսևորումը: Նրանք նշել են, որ կառուցողական քննադատությունն ու ինքնաքննադատությունը հաճախ պետք է երևան հայ մամուլի էջերում: Նշվել է, որ իշխանամետ եւ ընդդիմադիր լրատվամիջոցների բախումների երևույթից այն կողմ կնեսական նշանակություն ունի ժողովուրդ-մամուլ կենդանի ու հետեւողական կապը:

Համաժողովը ընդգծել է համահայկական մակարդակով համախմբվելու նախաձեռնության շարունակականության ապահովումը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am