Հերթը հումանիտար առարկաներինն է․ փոփոխվում են հանրակրթական չափորոշիչները

Armenpress 14:56, 8 Հուլիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթածրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայումը` ներառելով հետևյալ ուսումնական բնագավառները. 

  հայոց լեզու, գրականություն

  հասարակություն, հասարակական գիտություններ (Հասարակագիտություն, Հայոց պատմություն, Եկեղեցու պատմություն, Համաշխարհային պատմություն, Նորագույն պատմություն)

  օտար լեզուներ (անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն)

  արվեստ (երաժշտություն, կերպարվեստ)

  ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն (Ֆիզկուլտուրա, Առողջ ապրելակերպ, Շախմատ, ՆԶՊ):

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, չափորոշիչները սահմանում են ուսումնառության նպատակներն առ այն, թե ինչ պետք է սովորողն իմանա և կարողանա անել ըստ դասարանների կամ կրթական աստիճանի։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև.

  վերապատրաստման մոդուլների մշակում

  մշակված առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկումը դպրոցում

  վերապատրաստումներ ուսուցիչների համար` ներկայացնելու վերափոխված առարկայական չափորոշիչները և ծրագրերը դպրոցներում

  սեմինարների կազմակերպում՝ դասագրքեր մշակողների համար

Արդյունքում կունենանք՝ հանրակրթության նոր, միասնական պետական չափորոշիչ և դրան համապատասխան վերանայված և լրամշակված առարկայական չափորոշիչներ ու ծրագրեր, ինչպես նաև առարկայական չափորոշիչներում և ծրագրերում կատարված փոփոխություններին լավատեղյակ ուսուցիչներ և դասագիրք մշակողներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am