Կոմիտասի և Թումանյանի հոբելյանները նշանավորվեցին նրանց նվիրված ցուցահանդեսով

Armenpress 19:48, 3 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կոմիտաս Վարդապետի և ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հոբելյանները կարևորելու, նրանց կատարած ահռելի աշխատանքն արժևորելու նպատակով հուլիսի 3-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց «Կոմիտաս-Թումանյան 150» խորագրով ցուցահանդեսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջթանգարանային համագործակցության արդյունքում իրականացված ցուցադրության շրջանակում ներկայացված են Կոմիտասին ու Թումանյանին վերաբերող գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ, արխիվային բացառիկ նյութեր:

 Ցուցահանդեսի համադրողն է Մարգարիտա Խաչատրյանը:

«Այստեղ տեղ են գտել ցուցանմուշներ Հայաստանի ազգային պատկերասրահից, Կոմիտասի թանգարան-ինստիտուտից, Հովհ. Թումանյանի, Երվանդ Քոչարի թանգարաններից, Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի  տուն-թանգարաններից, Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանից և մասնավոր հավաքածուներից:

Ընդգրկվել են Գրիգոր Խանջյանի, Սարգիս Մուրադյանի, Սիրաղյանի, Արծրունյանի, Բաղդասարյանի, Սուրեն Սաֆարյանի և այլ նկարիչների ստեղծագործություններ»,- նշեց ցուցահանդեսի համադրող, արվեստաբան Մարգարիտա Խաչատրյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը  շնորհավորեց բոլորին` նշելով, որ ցուցահանդեսը Հովհաննես Թումանյանին և Կոմիտասին երախտագիտություն հայտնելու և նրանց հիշատակը խնկարկելու հերթական առիթն է;

«Մենք որդեգրել ենք մի քաղաքականություն, որի համաձայն՝  նման միջոցառումները չեն ունենալու զուտ իրադարձային բնույթ: Մեր հոգևոր արժեքները մշտապես ներարկվելու են հասարակություն, կրթական համակարգ և, ի վերջո,  նույնական են դառնալու կրթությունն ու մշակույթը»,- ընդգծեց Խզմալյանը:

Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը շնորհակալագրեր հանձնեց  ցուցահանդեսի բոլոր աջակիցներին` շեշտելով, որ նրանցից յուրաքանչյուրն արել է հնարավոր ամենը, որպեսզի ցուցահանդեսը կյանքի կոչվի:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հուլիսի 12-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am