ՀՀ ԱԳ նախարարը Արցախում կանդրադառնա վաշինգտոնյան հանդիպումների ժամանակ քննարկված հարցերին

Armenpress 13:19, 3 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Արցախ, որտեղ Արցախի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի վաշինգոտնյան հանդիպումների ժամանակ քննարկված հարցերին։

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։ Հարցին, թե արդյոք Մնացականյանը արցախյան կողմին է փոխանցելու նաև համանախագահների՝ Վաշինգտոնում արված առաջարկությունները, Նաղդալյանը պատասխանեց, որ դա կանոնավոր գործառույթ է, որը մշտապես իրականացվում է Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպումից առաջ կամ հետո։

«Սա իրականացվում է Արցախն առավել ներգրավված պահելու համար, սակայն սա որևէ կերպ չի փոխարինելու Արցախի անմիջական ներգրավվածության հարցին և ,բնականաբար, այս հանդիպման ընթաքում նույնպես անդրադարձ է կատարվելու վաշինգտոնյան հանդիպումների ժամանակ քննարկված հարցերին, իսկ այդ հարցերը քննարկվելու են Արցախի ղեկավարության հետ»,- ասաց մամուլի քարտուղարը։

Նա հայտնեց, որ այցի շրջանակում նախարարը հանդիպելու է Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի, ինչպես նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումը կայացել է հունիսի 20-ին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am