ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է կենտրոնական հավաքակայան

Armenpress 21:21, 2 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը hուլիսի 2-ին այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։ 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ամառային զորակոչի ընթացքին, զորակոչային և բժշկական հանձնաժողովների աշխատանքին, զրուցել բժիշկների հետ, տեղեկացել զինակոչիկների վերջնական բուժզննումների արդյունքներին։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

վիճակահանության դահլիճում պաշտպանության նախարարը զրուցել է նաև զինակոչիկների հետ, շնորհավորել զինված ուժերի շարքերը համալրելու առթիվ, մաղթել անվտանգ և գերազանց ծառայություն։

Այցի ընթացքում Դավիթ Տոնոյանը պատասխանել է զինակոչիկների ծնողների հարցերին, վստահեցրել, որ պաշտպանական գերատեսչությունը շարունակում է բարեփոխումներ իրականացնել զինծառայողների կենցաղային և թիկունքային ապահովման ուղղությամբ։ 

Շրջայցի ավարտին Դավիթ Տոնոյանը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ զորակոչի գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու և զինակոչիկների կրթությունն ու մասնագիտական կարողությունները հաշվի առնելու վերաբերյալ։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am