Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը եւ Իրկուտսկի մարզի Բրատսկի շրջանը եղբայրական կապեր են հաստատել

Armenpress 21:37, 1 Հուլիս, 2019

ԳԱՎԱՌ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի եւ Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզի Բրատսկի շրջանի միջեւ ստորագրվել է բարեկամության եւ համագործակցության հուշագիր:

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, հուշագիրը ստորագրվել է ՌԴ Իրկուտսկ եւ Բրատսկ քաղաքներում՝տեղի հայ համայնքի անմիջական նախաձեռնությամբ ու աջակցությամբ: ՌԴ Իրկուտսկի մարզ է մեկնել Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանի գլխավորած պատվիրակությունը՝ բաղկացած երեք հոգուց: Հուշագիրը ստորագրել են Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը եւ ՌԴ Բրատսկի շրջանի ղեկավար  Ալեքսեյ Բալովնեւը: 

«Կնքված հուշագրով մենք համագործակցության առաջնահերթությունը տալիս ենք տուրիզմի ոլորտին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրկուտսկի մարզը մեզանից գտնվում է հազարավոր կիլոմետրեր հեռավորությամբ: Այս ոլորտում արձանագրվող ձեռքբերումներից հետո նոր կձեռնարկենք համագործակցված քայլեր առեւտրատնտեսական եւ կրթամշակութային ոլորտներում: Հաջորդ քայլը կլինի Իրկուտսկի մարզի պատվիրակության պաշտոնական այցը Մարտունի, որից հետո կձեռնարկենք համագործակցության իրական ու տեսանելի քայլերը»,- տեղեկացրեց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am