ԱԺ-ն ընդունեց անշարժ գույքի սեփականության վկայականի վրայից կնիքի պահանջը վերացնելու նախագիծը

Armenpress 12:39, 1 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեփականության վկայականի կամ մնացած այլ վկայականների վրայից կնիքի պահանջը կվերացվի, և այդ փաստաթղթերն իրավական կարգավիճակ կունենան առանց կնիքի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության կողմից ներկայացված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ-ն ընդունեց երկրորդ ընթերցմամբ:

«Այս փոփոխությամբ հնարավորություն է տրվում, որ Անշարժ գույքի պետական ռեգիստրի աշխատանքի գործընթացների ավարտական փաստաթղթերը թվային տարբերակով հասանելի լինելու դեպքում համարվեն պաշտոնական փաստաթուղթ: Դրա հիմնական փոփոխությունը կայանում է նրանում, որ սեփականության վկայականի կամ մնացած այլ վկայականների վրայից կնիքի պահանջը վերացվում է, և այդ փաստաթղթերն իրավական կարգավիճակ են ունենալու առանց կնիքի»,- ներկայացրել էր Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը:

Փոփոխություններով կամաց-կամաց շրջանառությունից դուրս կգան նաև հին սերնդի սեփականության վկայականները:

Հնարավորություն է տրվում, որ բարձր սերնդի սեփականության վկայականների մեջ փոփոխություն կատարելու դեպքում տրվի նոր նմուշի վկայական: Հին սերնդի վկայականները կամաց-կամաց շրջանառությունից հանելու գործընթաց են սկսում:

Առաջարկվող փոփոխություններով նաև Անշարժ գույքի կադաստրի կոմիտե եզրույթը կփոխարինվի Կադաստրի կոմիտե եզրույթով:

Նախագծին կողմ քվեարկեց 102 պատգամավոր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am