Հունիսի 27-ին սպասվող իրադարձությունները
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:
Այսօր՝ հունիսի 27-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է աշխատանքային քննարկում՝ «Կաթնամթերքի շուկայի առկա իրավիճակի վերաբերյալ» թեմայով:
Երևանում տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը: Ելույթով հանդես են գալու ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին:
ՀՀ կառավարությունը կգումարի հերթական նիստը: Օրակարգում երեք տասնյակից ավելի հարցեր են:
ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելայի հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Նախարարները հանդես կգան մամուլի ասուլիսով:
Այսօր կկայանա Հայկական տնտեսագիտական միության տարեկան գիտաժողովը: Բացման խոսքով հանդես կգան ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը:
Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված կներկայացնի երկու մեծ բեմադրություն՝ «Լոռեցի Սաքոն» և «Մարոն», որը մեկ ակտանի խորեոգրաֆիկ բալետային ներկայացում է:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում: