Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը պարտվեց Եվրոպական խաղերի քառորդ եզրափակչում

Armenpress 16:43, 26 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը պարտություն կրեց քառորդ եզրափակչում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մինսկում  Եվրոպական երկրորդ խաղերի ընթացող` մրցումային հերթական օրը, պայքարը շարունակեցին նաև բռնցքամարտիկները: Հարությունյանը քառորդ եզրափակչում մրցեց և 0:5 հաշվով զիջեց Իսպանիայից Էսկոբար Գաբրիելին:

Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալակիր:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:

 Լուսանկարը՝ Armnoc

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am