Թուրքիայում Գյուլենին հարելու մեղադրանքով դատապարտվեց ևս մեկ նախկին պաշտոնյա
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատավորների և դատախազների բարձրագույն խորհրդի անդամ Մահմուդ Շենը Ֆեթուլլահ Գյուլենի քարոզած գաղափարախոսությանը հարելու մեղադրանքով դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Շենը 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո պաշտոնից հեռացվել և ձերբակալվել էր:
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով թուրքական «hurriyet»-ը, 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո աշխատանքից ազատված Սահմանադրական դատարանի, Դատավորների և դատախազների բարձրագույն խորհրդի անդամների դատավարությունները շարունակվում են:
Այսօր տեղի ունեցավ Դատավորների և դատախազների բարձրագույն խորհրդի անդամ, ձերբակալված կասկածյալ Մահմուդ Շենի դատավարությունը: Նրա հասցեին հնչեցված մեղադրանքների շարքում էին՝ գյուլենականներին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելը, նրանց հրամանները կատարելը և այլն, սակայն, այս մեղադրանքները մերժվեցին Շենի կողմից:
Դատարանի վճռով՝ Գյուլենին գաղափարներին հարելու մեղադրանքով Շենը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման:
Պաշտոնական Անկարան չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետևորդներին մեղադրում է 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: Գյուլենը երկար տարիներ է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում, սակայն դեռևս որոշակի ազդեցություն ունի Թուրքիայում: