Հայ և ռուս մաքսային ծառայողները համատեղ ուսումնավարժություն են անցկացրել

Armenpress 12:29, 26 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ՌԴ դաշնային մաքսային ծառայության մաքսանենգության դեմ պայքարի գլխավոր վարչության հետ համատեղ հերթական ուսումնավարժությունն են անցկացրել:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, իրական պայմաններին մոտ իրավիճակներում Հայաստանի և Ռուսաստանի մաքսային ծառայողները փոխանակել են թմրանյութերի անդրսահմանային ապօրինի շրջանառության կանխման գործնական փորձը: Ուսումնավարժությունն անցկացվել է երկու փուլով: Առաջին փուլի ընթացքում  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մեկնել են Մոսկվա, իսկ երկրորդ փուլի ժամանակ ռուս գործընկերներն են ժամանել Երևան: Ըստ սցենարի` օդանավակայանից մինչև հասցեատեր թմրանյութի տեղափոխման ամբողջական շղթան բացահայտվել է գործընկեր երկրների միջև միջազգային վերահսկելի մատակարարման շրջանակներում տեղեկատվության փոխանակման շնորհիվ: Միջոցառմանը ներգրավված են եղել նաև ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի ու հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության արագ հակազդման բաժնի աշխատակիցները:

Պարբերական ուսումնավարժությունների միջոցով Պետական եկամուտների կոմիտեն կատարելագործում է թմրանյութերի միջազգային ապօրինի շրջանառության դեմ պայքարի մեթոդները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am