Զոհրաբ Մնացականյանը և Մայքլ Մոլլերը բարձր են գնահատել ՄԱԿ Ժնևյան կառույցների աշխատանքներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը

Armenpress 20:30, 25 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևում հունիսի 25-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Մայքլ Մոլլերի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և ՄԱԿ Ժնևյան գրասենյակի տարբեր կառույցների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և դրանց աշխատանքներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը, որը նպաստում է երկրում մարդու իրավունքների և ժողովրդավարության խթանմանը։  

Զոհրաբ Մնացականյանը և Մայքլ Մոլլերը մտքեր են փոխանակել «Կայուն զարգացում 2030» օրակարգում ներգրավված նպատակների իրականացման շուրջ։ Արտգործնախարարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը և հանձնառությունը Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացմանը՝ նշելով, որ ԿԶՆ ազգայնացման գործընթացն ուղեկցվում է Հայաստանի նոր կառավարության կողմից ձեռնարկված հավակնոտ բարեփոխումների ծրագրով։

Այս առնչությամբ Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրել է ժողովրդավարության ու իրավունքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտներում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները։ Որպես կառավարության զարգացման օրակարգի առաջնահերություն՝ նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է նորարարության, բարձր տեխնոլոգիաների և ստեղծարար կրթության ոլորտների զարգացմամբ տնտեսության խթանումը։ 

Երկուստեք կարևորվել է միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ջանքերի համադրումը՝ միջազգային համագործակցության շրջանակներում ծավալվող նոր ուղղությունների հասցեագրման գործում, ինչպիսիք են՝ թվայնացումը, արհեստական բանականությունը և ռոբոտիզացումը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am