ՄԿՈՒԶԱԽ-ը հաստատել է «Աշխատանքի վրա հիմնված ուսուցման» հայեցակարգը

Armenpress 19:21, 25 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի (ՄԿՈՒԶԱԽ) հունիսի 25-ի նիստը վարել է խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էր ՄԿՈՒԶԱԽ-ի կանոնադրության փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկների քննարկումը, որի արդյունքում որոշակի փոփոխություններ են իրականացվել կանոնադրության մեջ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, նիստի հաջորդ հարցը 2020-25թթ. ՄԿՈւ ոլորտում նախատեսվող գործողությունների, ուղղությունների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումն էր ՄԿՈՒԶԱԽ-ի անդամների կողմից:

Նիստի օրակարգում ընդգրկված էր նաև 2019 թվականին մշակման ենթակա ուսումնական ձեռնարկների և ուսումնամեթոդական նյութերի ներկայացումը և հաստատումը: Արդյունքում խորհուրդը որոշել է հաստատել ձեռնարկների ցանկը, որոնք կտպագրվեն ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից:

Օրակարգի վերջին հարցը վերաբերում էր աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպման և իրականացման հայեցակարգի նախագծի ներկայացմանը: Եվրոպական կրթական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում հաստատվել է վերոնշյալ հայեցակարգը՝ իր գործողությունների ծրագրով, որը սեպտեմբերի կպիլոտավորվի գյուղատնտեսական մի քանի մասնագիտությունների գծով: Խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկել է հավանության արժանացնել հայեցակարգը՝ ընդգծելով, որ երկարաժամկետ պիլոտավորման ընթացքում կարելի է վերանայել որոշակի դրույթներ: Նիստի ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր:

Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի կազմում ընդգրկված են նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ֆինանսների նախարարությունների, ինչպես նաև սոցիալական գործընկերության կառույցների` գործատուներին ներկայացնող կազմակերպությունների, արհեստակցական միությունների ներկայացուցիչներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am