Թունյանը չի հասկանում հարկային բարեփոխումների փաթեթի շուրջ իրենց հետ ինտենսիվ աշխատելու, ապա դեմ քվեարկելու ընդդիմադիրների մոտեցումը

Armenpress 11:31, 25 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 25  ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը չի հասկանում ընդդիմադիր գործընկերների այն մոտեցումը, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի շուրջ իրենց հետ ինտենսիվ աշխատել են, սակայն պատրաստվում են դեմ քվեարկել: Թունյանը կոչ է անում վերանալ փաթեթում առանձին դետալներից ու դրան նայել գլոբալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թունյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը:

«Այս հարկային օրենսգիրքն ակնհայտորեն շատ ավելի լավն է, քան այն, որը հիմա գործում է: Համոզված եմ, որ դուք իմ կարծիքը կիսում եք: Մենք հիմա ասում ենք՝ եկեք մեկ քայլ առաջ անենք, հետո ավելի գլոբալ փոփոխությունների կգնանք, դուք ասում եք՝ ոչ, քանի որ սա թռիչքային աճ չի ապահովում, դեմ ենք: Մի պահ տեսականորեն պատկերացրեք՝ մեր խմբակցության մեծ մասը բացակա էր կամ ինչ-ինչ պատճառներով չէր քվեարկում, դուք դեմ եք քվեարկում, հետո ի՞նչ էր տեղի ունենալու: Եթե վատն է, ապա ինչու են այսօր գործարարներն անհամբեր սպասում սրա ընդունվելուն: Սակայն ինձ համար ամենատարօրինակն է այն է, որ դուք բոլորդ մեզ հետ շատ ինտենսիվ աշխատել եք»,-ասաց Թունյանը:

Նա նշեց՝ ընդդիմադիր գործընկերները դեմ կքվեարկեն փաթեթին, սակայն  օրենսգրքի դրական փոփոխությունների, շատ դրույթների մեջ մեծ մաս ունեն, միասին են աշխատել, միասին քննարկել:

Պատգամավորը նշեց՝ առաջիկայում կունենանք իրոք նոր Հարկային օրենսգիրք, սակայն դա պետք է լինի մտածված ու իրոք թռիչքային աճ ապահովող: Թունյանի կարծիքով՝ առաջարկվող Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը մի քանի քայլ առաջ է գործողից, դրա համար էլ կոչ է անում կողմ քվեարկել:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը առաջին երկրորդ ընթերցմամբ քննարկումների միջև ընկած ժամանակում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկումների արդյունքում որոշակի փոփոխություններ է կրել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am