Վերին Լարսում կանգնեցված ավտոբուսի ուղևորներին Հայաստան տեղափոխող լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանում է. խոսնակ

Armenpress 17:13, 24 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցված ավտոբուսի մեջ գտնվող ուղևորներին Հայաստան տեղափոխելու նպատակով տրամադրված լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանի տարածքում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը:

Նրա խոսքով՝ ուղևորների դեպի Հայաստան տեղափոխման հետ կապված ծախսերի բեռը իր վրա է կրում ուղևորափոխադրող կազմակերպությունը։ «Այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։ Սահմանին գտնվող ուղևորներին Հայաստան տեղափոխելու նպատակով ուղևորափոխադրող ընկերության կողմից տրամադրված լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանի տարածքում է»,-գրել է Մուրադյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am