Մայրաքաղաքում հին վերելակները նորերով փոխարինելու համար կհայտարարվի մրցույթ

Armenpress 16:55, 24 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի վերելակների առկա ֆոնդի փոխարինման և բարելավման ծրագրի համար կհայտարարվի մրցույթ: Առաջին պիլոտային փուլում մայրաքաղաքում նախատեսվում է փոխարինել 20 վերելակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ասաց, որ այդ 20 վերելակները կլինեն ծիծեռնակները այն 3500 վերելակների փոխանակման գործընթացի, որը պլանավորվում է սկսել հաջորդ տարի:

«20 վերելակներն ընտրված են 10 վարչական շրջաններում: Յուրաքանչյուր վարչական շրջանում 2 վերելակ է ընտրվել, որոնք առավել անմխիթար վիճակում են: Եզրակացությունները տրվել են մասնագիտացված ընկերությունների կողմից»,-հավելեց նա:

Հայկ Սարգսյանի խոսքով՝վերելակները կլինեն եվրոպական ստանդարտներին համապատասխան: «Ներառված են բոլոր անհրաժեշտ չափանիշները, որոնք պետք է ապահովեն նաև տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց կողմից վերելակներից օգտվելուն և եթե մրցույթի մասնակցությունը կայանա, արդեն սեպտեմբեր-հոկտեմբերին կունենանք տեղադրված վերելակներ»,-ընդգծեց քաղաքապետի տեղակալը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am