Նպաստ են ստացել ընտանիքներ, որոնց անդամները ներգրավված են տնտեսական գործունեության մեջ. ԱԺ-ն քննարկում է հաշվեքննիչ պալատի հաղորդումը

Armenpress 16:04, 24 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվեքննիչ պալատն Ընտանեկան նպաստի համակարգի ծրագրում հաշվեքննության ընթացքում նախորդ տարի արձանագրել է էական խեղաթյուրումներ: Նպաստ են ստացել ընտանիքներ, որոնք փաստացի չեն բնակվում տվյալ հասցեում կամ որոնց անդամները ներգրավված են տնտեսական գործունեության մեջ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նիստում ՀՀ Հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացնելիս այս մասին ասաց պալատի նախագահ Լևոն Յոլյանը:

«Սոցիալական ծառայության մասով տեղեկատվական բազաների, սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգի, բնակչության պետական ռեգիստրի և այլ շտեմարանների տվյալների համադրումը վկայում է, որ կենսաթոշակների, նպաստների վճարման գործընթացում առկա են խոշոր չափերի հասնող ռիսկեր՝ ավելի քան 15 մլրդ դրամի:Ընտանեկան նպաստի համակարգի ծրագրում հաշվեքննությամբ արձանագրվել են էական խեղաթյուրման ռիսկեր՝ 10 հազար 193 դեպք՝ 2.3 մլրդ դրամի չափով: Նպաստ են ստացել ընտանիքներ, որոնք փաստացի չեն բնակվում տվյալ հասցեում, կամ որոնց անդամները ներգրավված են տնտեսական գործունեության մեջ, վճարում են կատարում հարկային և մաքսային մարմիններին, իրականացնում են մեքենաների, անշարժ գույքի գործարքներ»,-ասաց Յոլյանը:

Նրա խոսքով՝ թաղման նպաստների վճարման մասով առկա են մեկ անձի կողմից նպաստ ստանալու բազմաթիվ դեպքեր: Երկրից 12 ամիս բացակայող աշխատանքային կենսաթոշակ ստացող շահառուներին փաստացի վճարվել է կանխիկ եղանակով 619 մլն դրամ, երկրից 3-9 ամիս բացակայող աշխատանքային կենսաթոշակ ստացող շահառուներին փաստացի վճարվել է կանխիկ եղանակով 4 մլրդ դրամ: Յոլյանը երկրից բացակայող և այլ անձին լիազորագրով այդ իրավասությունը չտված անձին կենսաթոշակի տրամադրումը խիստ ռիսկային համարեց:

Նա նշեց, որ հաշվեքննության արդյունքները քննարկել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ, որին առաջարկվել է ստեղծել հատուկ աշխատանքային խումբ, որը կստուգի արձանագրված ռիսկերը և դրանց վերաբերյալ կտա համապատասխան եզրակացություն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am