Արցախի պողոտայի վթարային 8 և 10 շենքերի բնակիչները կտեղափոխվեն նոր բնակարաններ

Armenpress 15:30, 24 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Արցախի պողոտա 4 նրբանցքի քանդման ենթակա համար 8 և 10 շենքերի բնակիչները կվերաբնակեցվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանին հունիսի 24-ին մեկնարկած արտահերթ նիստում կողմ քվեարկեց նախագծին:

Քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային Արցախի պողոտա 4 նրբանցքի հ.8 և հ.10 շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով անհատույց կնվիրվեն բնակարաններ ՝ Շինարարների փողոցի հ.15, Շինարարների փողոցի հ.6/1, Մարգարյան փողոցի հ.45, Սիսակյան փողոցի հ.16 հասցեներում գտնվող նորակառույց և Սիսակյան փողոցի հ.3 հասցեում նոր կառուցվող բազմաբնակարան շենքերից:

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը նշեց, որ վերաբնակեցման ենթակա է 142 բնակարան, որից 81 բնակարան Արցախի 8 շենքից և 61 բնակարան՝ Արցախի 10 հասցեից: «Եվս 19 բնակարանի բնակսեփականատերեր նախընտրել են մնալ շենքում՝տարբեր պատճառներով: Բնակիչներից ոմանք ակնկալում են հասանելիքից ավելի մեծ բնակտարածք, մի մասն էլ հրաժարվել է վարձով տեղափոխվելուց»,-ասաց նա:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն հայտնեց վթարային շենքի բնակիչներին հարցին անհատական մոտեցման համար: «Մենք մեկ առ մեկ լսել ենք բոլորի ցանկությունները, խնդիրները, պահանջները»,-հավելեց քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանում հունիսի 24-ին մեկնարկած արտահերթ նիստին մասնակցում է ավագանու 44 անդամ, օրակարգում 5 հարց է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am