ԱԺ-ն ընդունեց համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուներին մրցութային կարգով ընտրելու մասին նախագիծը

Armenpress 10:36, 24 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է, որ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուները պետք է ընտրվեն մրցութային կարգով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց 91 կողմ, 5 ձեռնպահ ձայներով ԱԺ հունիսի 24-ի նիստում: 
Նախագիծը նպատակ ունի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների ընտրության համար նվազեցնել համայնքի ղեկավարի կողմից սուբյեկտիվ նշանակման հնարավորությունը, ավագանուն հնարավորություն տալ էական մասնակցություն ունենալ այդ հարցին:
Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարի թափուր պաշտոնի համար կանցկացվի մրցույթ, որի անցկացման կարգը կսահմանի կառավարությունը: Մրցույթի արդյունքում ընտրված թեկնածուի նշանակումը կհաստատի կամ կմերժի ավագանին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am