Գյումրիում հարգեցին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը

Armenpress 15:22, 22 Հունիս, 2019

ԳՅՈՒՄՐԻ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ Գյումրիում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել։ Կենտրոնի, ինչպես նաև Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի և սահմանապահ ջոկատի  նախաձեռնությամբ հիշատակի միջոցառման մասնակիցները եղան Գյումրու «Թիվ 2 գերեզմանատանը» Հայրենական պատերազմի մասնակիցների եղբայրական գերեզմանի մոտ: Մինչ պսակադրությունը, որին մասնակցեցին նաև մարզային եւ քաղաքային իշխանությունների Գյումրու կայազորի ներկայացուցիչներ, ռուս ուղղափառ եկեղեցու հովիվ հայր Տիմաֆեյը կատարեց հոգեհանգստի կարգ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմի զոհերի հիշատակը:

Եղբայրական գերեզմանը կառուցապատվել է 1975 թվականին: Ամեն տարի այս օրը հայրենիքի ազատագրման համար իրենց կյանքը զոհած տարբեր ազգերի ավելի քան հարյուր զինվորների հիշատակի կարգ է կատարվում այստեղ:  Ամփոփված են հիմնականում այն զինվորականների աճյունները, ովքեր, վիրավորվելով Մեծ Հայրենականի  ժամանակ, բուժման նպատակով բերվել էին  Հայաստան՝  զինվորական հոսպիտալ:

«Ամեն տարի բարի ավանդույթի նման մենք հավաքվում ենք այստեղ՝ հիշատակելու բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն խաղաղության: Մեր երկրները ուս ուսի անհավանական մի բան արեցին՝ մեզ ապրելու, քաղաքներ ու մեր ապագան կառուցելու  հնարավորություն տալով: Ու նրանք այդ ամենն անում էին հաղթանակի հավատով»,-«Արմենպրես»-ին ասաց 102-րդ ռազմաբազայի ռազմաքաղաքական հարցերով մասնագետ Կամո  Ցուգունյանը:

Ավելի ուշ ներկաները ծաղիկներ դրեցին և  հարգանքի տուրք մատուցեցին «Մայր  Հայաստան» հուշարձանի տարածքում տեղակայված անմար կրակի մոտ: Իրենց զինակից ընկերների հիշատակը հարգելու էին եկել Մեծ Հայրենականի գյումրեցի վետերանները:

1941 թվականի հունիսի 22-ին սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Առանց պատերազմ հայտարարելու գերմանական զորքերը հարձակվեցին Խորհրդային Միության վրա: Պատերազմին զոհ գնաց ավելի քան քսանյոթ միլիոն մարդ: Խորհրդային մյուս երկրների հետ պատերազմին մասնակցում էին նաեւ հայեր, նրանցից 350 հազարը իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am