Վեթթինգը՝ դատավորների անաչառությունը ապահովող գործընթացը պետք է լինի մշտական և երբեք չավարտվի. Արարատ Միրզոյան

Armenpress 18:20, 21 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում չի լինելու վեթթինգի  մասին մեկ օրինագիծ, որով ամբողջ  հարցերը վերջնական կլուծվեն, վեթթինգը տարբեր իրավական կարգավորումների, տարբեր գործիքների համալիր է, որը կարող է դրսևորվել տարբեր օրենսդրական նախաձեռնություններում: Դատարանների, դատավորների անաչառությունը ապահովող գործընթացը պետք է լինի մշտական և երբեք չավարտվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ ամբիոնից նման տեսակետ հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով վեթթինգի մասին ընդդիմադիր գործընկերների հարցադրումներին, ելույթներին:

Միրզոյանն իր ելույթը վերնագրեց «Չափազանց համառոտ ակնարկ դատաիրավական բարեփոխումների, անհասկանալի օտարածին բառով վեթթինգի գործընթացի, հասարակության ակնկալիքների և հեղափոխության ստանձնած պարտավորությունների և ԲԴԽ անդամի թեկնածության մասին»:

«Վեթթինգը գործընթաց է, որը կարող է տևել 1 տարի, 2 տարի կամ 3 տարի: Վեթթինգը՝ դատարանների, դատավորների անաչառությունը ապահովող գործընթացը պետք է լինի մշտական և երբեք չավարտվի: Մենք ունենք այդպիսի մարմին, որին օժտել ենք գործառույթներում, դա բարձրագույն դատական խորհուրդն է, որը պետք է համապատասխան քննություններն աներ: Սակայն ինչպես բազմաթիվ օրենքներ, գրված է եղել մի բան, իրականությունը եղել է այլ: Եվ մենք, ցավոք, պետք  ոլորտ առ ոլորտ այդ շտկումներն անենք: Մեծ հաշվով, եթե շատ ֆորմալիստական մոտեցում չցուցաբերենք, ոչ թե վեթթինգ է, այլ առողջացման, զտման գործընթացի մի դրսևորում: Առհասարակ վեթթինգ ասելով պետք է հասկանանք տարբեր իրավական կարգավորումների, տարբեր գործիքների համալիր, որոնք կարող են տարբեր օրենսդրական նախաձեռնություններում դրսևորվել: Չի լինում մի օրինագիծ, որի վրա մեծ տառերով գրված կլինի «Վեթթինգի մասին օրենք»: Օրինակ իմ հեղինակած օրենքի նախագծում առաջարկվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տալ մի նոր գործառույթ՝ դատավորների բարեվարքության մասին եզրակացություն անել: Սա ևս վեթթինգի մի մաս է: Չկա դարակում պահած մի բան, որը Լուսավոր Հայաստան խմբակցությունից գաղտնի է պահվում, որը պետք է վերջին պահին կգա ու արագ կդնենք կքվեարկենք »,-վստահեցրեց Միրզոյանը:

Նա նկատեց՝ ակնհայտ է, որ հասարակությունը դատաիրավական բարեփոխումների, դատական ոլորտի առողջացման շատ լուրջ ակնկալիքներ ունի: Միրզոյանը շեշտեց՝ հասարակությունն ունի լուրջ անվստահություն դատական իշխանության նկատմամբ, այս անվստահությունը ձևավորվել է առնվազն 2 տասնյակից ավել, ունի հիմքեր, և հիմա պետք է տան լուծումներ: «Իհարկե կան ակնկալիքներ՝ մի հրաշագործ համադարման ունենալու, որը կլինի մի փաստաթղթի տեսքով, որի վրա գրված կլինի Վեթթինգի մասին ՀՀ օրենք, և այդ օրենքն ընդունվելուց հետո բոլոր հարցերը միանգամից կլուծվեն»,-ասաց ԱԺ նախագահն ու վստահեցրեց, որ այդպիսի բան չի լինելու:

Նա վստահեցրեց, որ Հայաստանում դատաիրավական բարեփոխումների և դատական իշխանության առողջացման գործընթացն իրականացվելու է բացառապես օրինականության, սահմանադրականության, իրավունքի գերակայության և ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում: Այսպիսով` Միրզոյանը շեշտեց, որ վեթթինգի համար ԼՀԿ-ի առաջադրած սկզբունքներից առաջինն ընդունելի է:

Միրզոյանը նկատեց նաև, որ ոչ թե իշխանության հորդորով, այլ դատավորների ընդհանուր ժողովի արդյունքում ընդունվեց հայտարարություն, որում ֆիքսվեց ԲԴԽ-ի անգործությունը: Նա  չափազանց կարևոր համարեց, որ դիսկուրսը հենց դատավորների շրջանակում է ձևավորվել: «Եվ հենց այս հայտարարությունից հետո է, որ ԲԴԽ տարբեր անդամներ սկսեցին հրաժարական տալ՝ ըստ էության համաձայնվելով հասարակության ներկայացրեց կարծիքին: Շատ լավ է, որ ինքնամաքրման գործընթաց է ընթանում դատական իշխանությանը: Եվ մենք հիմա առաջադրում ենք թեկնածուներ, որոնք կգան համալրելու այս կազմը, որը կկարողանա աշխատել այնպես,  ինչպես սահմանված է օրենքով»,-նշեց Միրզոյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am