Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները` Վաշինգտոնում հանդիպման արդյունքների մասին

Armenpress 16:00, 21 Հունիս, 2019

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո Վաշինգտոնում պատասխանելով լրագրողների հարցերին:

«Վերջին շրջանի զարգացումները (լարվածությունը ԼՂ հակամարտության գոտում-խմբ.) իրենց ազդեցությունն են թողնում բանակցային գործընթացի վրա: Մենք պետք է զգուշորեն մոտենանք և հավատարիմ մնանք այն համաձայնություններին, որոնք ձեռք ենք բերել նախորդ ամիսներին: Եվ դա մեր այսօրվա բանակցությունների շատ կարևոր մասն էր»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ամերիկայի ձայնը», նշել է Մնացականյանը:

Ադրբեջանի արտգործնախարարն էլ նշել է, որ քննարկվող փաստաթղթում առկա գաղափարներն ու դրույթները չեն փոխվել: Հայկական և ադրբեջանական կողմերը անհամաձայնություններ ունեն մի շարք դրույթների ու մանրամասնությունների շուրջ: Անհրաժեշտ է քաղաքական կամք՝ առաջ շարժվելու համար: Անգամ առկա զինադադարի խախտումները, նրա խոսքով, չպետք է խանգարեն գործընթացի առաջխաղացմանը: «Գաղափարը նույն է: Մենք առաջ ենք շարժվում, հենվելով նույն խաղաղության ծրագրի վրա, որը սեղանին է արդեն վերջին 15 տարիներին»,- հայտարարել է Մամեդյարովը:

Նա բավական ինտենսիվ է գնահատում Վաշինգտոնում հունիսի 20-ին կայացած մտքերի փոխանակումը: «Համանախագահները տրամադրեցին հավելյալ առարկայական առաջարկություններ, որոնք պետք է ուսումնասիրենք: Պետք է տեսնենք, թե ինչպես ենք առաջ շարժվում այս բանակցություններում: Ցավոք, ինչպես գիտեք, առկա էր լարվածության աճ»,- իր հերթին նշեց Էլմար Մամեդյարովը:

Իր հերթին ՀՀ ԱԳ նախարարը ևս կարևորում է քաղաքական կամքի առկայությունը՝ առաջնային խնդիր համարելով համապատասխան միջավայրի ապահովումը: Նա նշում է, որ բանակցությունները շարունակվում են հայտնի սկզբունքների շուրջ, սակայն յուրաքանչյուր համաձայնություն պետք է հիմնվի փոխզիջման վրա՝ ի նպաստ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի բնակչության:

«Զինադադարի խախտումները կարևոր մարտահրավերներ են: Անհրաժեշտ է նվազեցնել լարվածության մեծացման սպառնալիքը, որի միջոցով հնարավոր կլինի ապահովել համապատասխան միջավայր՝ առաջ շարժվելու համար»,- ասում է Մնացականյանը:

Ըստ կողմերի ու միջնորդների, հանդիպմանը քննարկվել են ժողովուրդների միջև վստահության մեծացմանն ուղղված միջոցառումներ ու քայլեր: Կողմերը համաձայնվել են շարունակել բանակցային գործընթացը՝ պայմանավորվածություն ձեռք բերելով հաջորդ հանդիպման վերաբերյալ:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am