Գյուղական համայնքներում կապահովվի հողօգտագործողների սեզոնային զբաղվածությունը

Armenpress 19:00, 20 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության հունիսի 20-ի նիստում հավանության է արժանացել «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» ծրագիրը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ծրագրում կարող է ընդգրկվել մինչև 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող՝ աշխատաշուկայում անմրցունակ անձը, ով որպես աշխատանք փնտրող հաշվառվել է Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնում, և ում ընտանիքի անդամներն ընդգրկված չեն գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերում:

Ծրագրում ընդգրկված հողօգտագործողին մեկ մարդ/օրվա համար նախատեսվում է վճարել 4000 դրամ, գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման դեպքում նաև փոխհատուցում՝ մեկ ժամվա համար 5000 դրամի չափով:

«2019թ. մայիսի 31-ի դրությամբ ծրագրի իրականացման ընթացակարգի համաձայն, արդեն կատարվել են հետևյալ աշխատանքները.

մարզպետարանները գյուղական համայնքներից ստացել, ամփոփել և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն են փոխանցել ծրագրում ընդգրկման ենթակա հողօգտագործողների ցուցակները, զբաղվածության տարածքային կենտրոնները ծրագրում ընդգրկելու նպատակով իրականացրել են հողօգտագործողների հաշվառման գործընթացը:

Ծրագրի 2019թ. բյուջեն կազմում է 638,600.8 հազ. դրամ, որի շրջանակում  նախատեսվում է պայմանագիր կնքել 2400 հողօգտագործողի հետ, իսկ ծրագրերում ընդգրկել 2923 անձի:

Մեկ ծրագրի տևողությունը կազմում է առավելագույնը 180 օր, իսկ աջակցության չափը՝ առավելագույնը 350.000 դրամ»,- նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am