Վահե Էնֆիաջյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին

Armenpress 18:13, 20 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հունիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում  Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւային:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ԱԺ փոխնախագահն անդրադարձել է երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերություններին՝ ընդգծելով, որ մի շարք ոլորտներում առկա է հայ-բուլղարական փոխգործակցության զարգացման դեռեւս չիրացված մեծ ներուժ:

Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման եւ համագործակցության խորացման գործում՝ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ նորաստեղծ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբում ընդգրկված են խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ:

Անդրադարձ է կատարվել նաեւ Բուլղարիայի հայ համայնքի ներգրավվածությանը երկրի ամենատարբեր ոլորտներում:

Խոսելով Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի մասին՝ Վահե Էնֆիաջյանը շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի իշխանություններին փաստաթղթի վավերացման համար:

Դեսպանը եւս կարեւորել է խորհրդարանների բարեկամական խմբերի համագործակցությունն ու միջազգային տարբեր կառույցներում փոխգործակցության խորացումը: Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւան վստահեցրել է, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում կշարունակի անել հնարավորը ձեւավորված հարաբերություններն առավել խորացնելու համար: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am