Վերականգնման վարկերի բանկը 2,7 մլն եվրո դրամաշնորհ կհատկացնի Հայաստանին

Armenpress 16:22, 20 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 2» ծրագրի ուղեկցող միջոցառումներն իրականացնելու նպատակով 2,7 մլն եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ Հայաստանի և Վերականգնման վարկերի բանկի միջև նախատեսվում է ստորագրել 2,7 մլն եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագիր՝ հիշյալ ծրագրի ուղեկցող միջոցառումների փորձագիտական ծառայությունները ֆինանսավորելու, ինչպես նաև հիմնականում արտարժույթի փոխանակման ծախսերը վճարելու համար:

«Սրանով նախատեսվում է KFW բանկի հետ ստորագրված համաձայնագրի համաձայն ստանալ 18,5 մլն եվրո գումար Կաբսի ջրամբարի կառուցման, վերականգնողական որոշակի աշխատանքների համար: Խոսքը Կումայրի ջրատարի խողովակաշարի վերականգնման մասին է, որի արդյունքում կունենանք 25 մլն խմ ծավալով ջրատար, նաեւ ոռոգման ենթակա կդառնա եւս 740 հա նոր հողատարածքներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Սուրեն Պապիկյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am