Արմեն Սարգսյանն այցելել է Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես

Armenpress 17:37, 19 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն  այցելել է Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես:Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Փարիզի Լը Բուրժե օդանավակայանի տարածքում երկու տարին մեկ կազմակերպվող հանրահայտ միջազգային ավիասալոնն ավիատիեզերական ոլորտի աշխարհի խոշորագույն ցուցադրությունն է թե՛ տարածքով, թե՛ մասնակիցների թվով:Նախագահ Սարգսյանը շրջել է տաղավարներում, ծանոթացել ոլորտի համաշխարհային առաջատար ընկերությունների ներկայացրած նմուշներին և դրանց տեխնիկական հնարավորություններին, դիտել ավիաշոուն: Լը Բուրժեում ցուցադրվում են վերջին սերնդի ռազմական ու քաղաքացիական օդանավեր, ինչպես նաև ներկայացվում են ավիատիեզերական ոլորտի ժամանակակից նվաճումներն ու նորարարությունները,աերոտիեզերական տեխնոլոգիաները:Ավիասալոնի այցելուների շարքում են ինչպես ավիատիեզերական սարքավորումների արտադրության ոլորտում մասնագիտացած համաշխարհային առաջատար ընկերություններ, այնպես էլ տարբեր երկրների պատվիրակություններ:2017 թվականին կայացած նախորդ ցուցադրությունն ունեցել է 322 հազար այցելու, 98 երկրից ներկա է եղել 290 պատվիրակություն:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am